Է. Նալբանդյանը և Վ. Նուլանդը քննարկել են միջազգային հարթակներում ՀՀ-ԱՄՆ փոխգործակցությունը

16:25 • 18.02.15

ՀՀ արգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդին։


Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հաստատված բարեկամական գործընկերությունը, որը տարիների ընթացքում ընդլայնվել և ընդգրկել է նորանոր ոլորտներ և հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով երկկողմ համագործակցությունը առավել կամրապնդվի և կխորանա։


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վիկտորիա Նուլանդը նշել է, որ Միացյալ Նահանգները մեծ կարևորություն են տալիս տարբեր բնագավառներում Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը և պատրաստ են հավելյալ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։


Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերը:


Հանդիպման օրակարգում են եղել քաղաքական երկխոսությունը, միջազգային հարթակներում փոխգործակցությունը։


Էդվարդ Նալբանդյանն ու Վիկտորիա Նուլանդը գոհունակությամբ արձանագրել են, որ ԱՄՆ և Հայաստանի միջև երկկողմ փոխգործակցությունը ընդգրկում է այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրները, խաղաղապահ գործողությունները, զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը, ահաբեկչության դեմ պայքարը։ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը երախտագիտություն է հայտնել խաղաղապահ գործողություններին Հայաստանի ակտիվ ներգրավվածության համար։


Վիկտորիա Նուլանդը ընդգծել է Հայաստանի դրական ձեռքբերումները ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության ամրապնդման, տնտեսական բարեփոխումների և մի շարք այլ բնագավառներում:

Անդրադարձ  է կատարվել հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, համատեղ նախագծերի իրականացմանը, ներդրումների խրախուսմանը։ Այս առումով կարևորվել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի մշակումը։

Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր Միացյալ Նահանգները նշանակալի աջակցություն են ցուցաբերել Հայաստանի զարգացմանը և երկրում ընթացող բարեփոխումներին, և հավելել, որ ժամանակի ընթացքում օգնության ծրագրերը վերածվել են համագործակցության և զարգացման նախագծերի։

Երկուստեք դրական է գնահատվել 2013թ. Հայաստանի արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության՝ ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնելը։

Հանդիպմանը հանագամանալից մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների՝ ուկրաինական ճգնաժամի, մերձավորարևելյան զարգացումների շուրջ։

 

Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի քննարկման համատեքստում նախարար Նալբանդյանը և պետքարտուղարի օգնականը համակարծիք են եղել, որ պետք է հնարավոր բոլոր ջանքերը գործադրվեն՝ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման համար՝ միջազգային իրավունքի՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա։


Այս առումով նախարար Նալբանդյանը կարևորել է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգների ներդրումն ու դերակատարությունը։


Էդվարդ Նալբանդյանը խնդրել է իր ողջյուններն ու բարեմաղթանքները փոխանցել պետքարտուղար Ջոն Քերիին և վերահաստատել Երևան այցելելու նրան ուղղված հրավերը։