Սիրիայի իշխանությունները պատրաստ են դադարեցնել Հալեպի ռմբակոծությունները. ԶԼՄ-ներ
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան Անվտանգության խորհրդին տեղեկացրել է այն մասին, որ Սիրիայի կառավարությունը պատրաստ է 6 շաբաթով դադարեցնել Հալեպ քաղաքի ռմբակոծությունը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Reuters գործակալությանը։
Դիվանագիտական աղբյուրների տեղեկություններով՝ դե Միստուրան նման հայտարարություն է արել ԱԽ-ի փակ նիստի ժամանակ։ Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ռմբակոծությունների դադարեցման նպատակը Հալեպի շրջանում հրադադարի ռեժիմի փորձնական հաստատումն է։
Դե Միստուրան չի նշել, թե հատկապես երբ կարող են դադարեցնել ռմբակոծությունները։ Նա հայտնել է, որ մտադիր է անձամբ մեկնել Սիրիա՝ այդ թեմայով խորհրդակցություններ անցկացնելու համար։










