Տարոն Մարգարյանը հանդիպել է ԱՄԷ-ի շախմատի ֆեդերացիայի նախագահին

15:53 • 18.02.15

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների շախմատի ֆեդերացիայի նախագահ Սայիդ Ալ Մեիբալի գլխավորած պատվիրակության հետ:


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։


Հյուրերին ներկայացնելով Երևանում շախմատի զարգացմանն ու տարածմանն ուղղված ծրագրերը և որդեգրած քաղաքականությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ հատկապես վերջին տարիներին մայրաքաղաքում նպատակային լուրջ ծրագրեր են իրականացվում այս ուղղությամբ: 


«Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ միասին մենք նախաձեռնել ենք մայրաքաղաքում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը,  ինչը հաջողությամբ կյանքի է կոչվում: Այսօր արդեն Երևանի 9 վարչական շրջաններում ունենք գործող շախմատի դպրոցներ, որտեղ անվճար հաճախում են շուրջ 4000 երեխաներ:  Սա մարզաձևի զարգացմանն ուղղված իսկապես մեծ ձեռքբերում եմ համարում և վստահ եմ, որ այս մարզական օջախներում սովորող երեխաները ևս շարունակելու են բարձր պահել մեր երկրի ու մայրաքաղաքի պատիվը: Մեր որդեգրած այս քաղաքականության նպատակը բոլոր 12 վարչական շրջաններում առնվազն մեկ շախմատի դպրոց ունենալն է, որն այս տարի թերևս ամբողջությամբ ավարտին կհասցնենք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: 


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արաբական Միացյալ Էմիրությունների շախմատի ֆեդերացիայի նախագահ Սայիդ Ալ Մեիբալը նկատել է, որ Հայաստանն իսկապես շախմատային հզոր երկիր է, և ընդգծել, որ   Արաբական Միացյալ Էմիրություններում մարզաձևի զարգացմանն օժանդակելու համար ակնկալվում է հայաստանյան գործընկերների աջակցությունը:


«Իսկապես հաճելի է արձանագրել շախմատի զարգացման ու մասսայականացման ուղղությամբ այն հատուկ վերաբերմունքը, որ ցուցաբերվում է Հայաստանում: Ըստ այդմ, մենք ակնկալում ենք Հայաստանի աջակցությունն այս հարցում՝ տեղի հաջողված փորձը Էմիրություններում կիրառելու համար»,- նշել է ԱՄԷ շախմատի ֆեդերացիայի նախագահը:


Հաշվի առնելով, որ Սայիդ Ալ Մեիբալը նաև գործարար է, հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցություն հաստատելու, ինչպես նաև համատեղ ներդրումային ծրագրեր կյանքի կոչելու վերաբերյալ: