«Գազպրոմը» Բելառուսի հետ հաշվարկները սկսել է կատարել ռուբլիով

15:57 • 19.02.15

Բելառուսը, որը տարեկան մոտ 20 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ է գնում, անցած տարվա վերջից դրա համար վճարումները կատարում է ռուբլիով: Այդ մասին «Россия 24»-ին տված հարցազրույցում հայտարարել է ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերության ֆինանսա-տնտեսական բաժնի ղեկավար Անդրեյ Կրուգլովը, գրում է lenta.ru-ն:

 

Ընդ որում՝ 2014 թվականի դեկտեմբերի վերջին հայտնի է դարձել, որ Բելառուսը և Ռուսաստանը պայմանավորվել են ՌԴ մատակարարվող սննդամթերքի գները ֆիքսել արժույթով: Ինչպես հայտարարել է Բելառուսի վարչապետի տեղակալ Միխայիլ Ռուսին, դա արվել է, որպեսզի բելառուսական ձեռնարկությունները կորուստներ չկրեն:

 

Դեկտեմբերի 18-ին այդ ժամանակ Բելառուսի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Միխայիլ Մյասնիկովիչը հայտարարել էր, որ ռուսական առևտրային ուղղության գծով Մինսկը մեկ տարվա ընթացքում կորցրել է 739 միլիոն դոլար: Միևնույն օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել էր երկրի կառավարությունից Ռուսաստանի հետ հաշվարկները կատարել դոլարով և եվրոյով: Նրա խոսքով՝ նման միջոցները պետք է վաղուց ձեռնարկված լինեին: