Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը Սերբիայի իշխանությունների խորհրդական է դարձել. ԶԼՄ-ներ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի խորհրդական է դարձել՝ չնայած 1999 թվականին Բելգրադի ռմբակոծման գլխավոր կողմնակից լինելուն, գրում է ria.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:
Բլեերը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնն է զբաղեցրել 1997-2007 թվականներին: 2010 թվականին լույս տեսած իր հուշագրերում նա գրում է, որ կարևոր դեր է խաղացել 1999 թվականին Սերբիայում ռազմական միջամտության գործում և ընդունում է, որ եղել է փոքրամասնության կազմում, որը կողմ է արտահայտվել Կոսովոյի ճգնաժամի ռազմական լուծմանը:
«Թոնի Բլեերը Սերբիան ներառել է երկրների թվում, որոնք նրան վճարում են խորհուրդների համար: Բլեերը խորհրդատվություն կտրամադրի կառավարության ղեկավար Ալեքսանդր Վուչիչին»,- գրում է Guardian-ը:
Թերթի տեղեկություններով՝ Բլեերը խորհրդատվություն կտրամադրի Վուչիչին պայմանավորվածության համաձայն, որի համար, ինչպես հայտնել են սերբական աղբյուրները, վճարում են Արաբական Միացյալ Էմիրությունները:
«Աբու-Դաբին ֆինանսավորում է Թոնի Բլեերի Blair Associates ընկերությանը նրա վերջին խորհրդատվական դերի համար»,- գրված է հոդվածում՝ երկու սերբ պաշտոնյայի վկայակոչելով: Նշվում է, որ վերջին ամիսներին Բլեերը և նրա թիմը «կանոնավոր կերպով այցեր են կատարել Բելգրադ»:
Թերթը նշում է, որ նախկինում Վուչիչը միշտ սուր քննադատությամբ է հանդես եկել Բլեերի հասցեին, սակայն այժմ երկու քաղաքական գործիչները «հայտնվել են միևնույն կողմում»:
2011 թվականին Բլեերը տնտեսական հարցերով խորհրդատվություն է տրամադրել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:










