Ուկրաինա խաղաղապահներ մտցնելը հակասում է պայմանավորվածություններին. ռուս պաշտոնյա
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը քննադատել է Ուկրաինայի իշխանությունների որոշումը՝ երկրում խաղաղապահներ տեղակայելու խնդրանքով ՄԱԿ-ին և ԵՄ-ին դիմելու վերաբերյալ, գրում է gazeta.ru-ն:
«Փետրվարի 12-ին ձեռք են բերվել Մինսկի պայմանավորվածությունները: Այդ պայմանավորվածությունների համաձայն՝ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետություններում կստեղծվեն սեփական ուժերը: Տարանջատման տարածքի դիտարկումը կանցկացնի ԵԱՀԿ-ն: Եթե անմիջապես առաջադրվում են որևէ այլ սխեմաներ, ապա հարց է առաջանում, թե արդյոք Մինսկի պայմանավորվածությունները պահվելո՞ւ են, թե՞ ոչ»,- հայտարարել է Չուրկինը:
Ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդում հայտարարել են երկրում առաքելություն տեղակայելու խնդրանքով ՄԱԿ-ին և ԵՄ-ին դիմելու որոշման մասին:
Հիշեցնենք, որ օրերս Մինսկում «նորմանդական քառյակի»՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները պայմանավորվել են փետրվարի 15-ի ժամը 00։00-ից կրակը դադարեցնելու մասին:










