Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է դպրոցականներին

19:55 • 19.02.15

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի դպրոցների աշակերտները տարբեր դարաշրջանների մտավորականների և Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հերոսների կերպարների հանդերձանքով վաղ առավոտից մասնակցել են իրենց դպրոցներում ու նաև դպրոցից դուրս կազմակերպված տարբեր միջոցառումների: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ աշակերտներն այցելել են նաև Երևանի քաղաքապետարան և հանդիպել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:

 

Հյուրընկալ տանտիրոջ իրավունքով Երևանի քաղաքապետն առաջինն է շնորհավորել աշակերտներին՝ ընդգծելով գրքի կարևոր դերակատարումը սերունդների կրթության ու դաստիարակման հարցում: Տարոն Մարգարյանը երեխաներին է նվիրել Երևան քաղաքի մասին պատմող պատկերազարդ ալբոմներ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և նվերի համար՝ երեխաներն իրենց հերթին քաղաքապետին են նվիրել տարբեր գրքեր, նաև օրվա խորհրդին համահունչ իրենց ձեռքի աշխատանքը:

 

Շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշակերտներին ուսման մեջ հաջողություն է մաղթել:


Դպրոցականները գրքեր են նվիրել նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանին, քաղաքապետի տեղակալներին և մի շարք այլ պաշտոնյաների, ինչպես նաև Երևանի ավագանու խմբակցությունների ղեկավարներին: