Թումանյան 25-ի շենքը 1930-ականներին է կառուցվել, այն չի կարելի կորցնել. Մկրտիչ Մինասյան
Թումանյան 25 հասցեում գտնվող շենքը պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված չէ, բայց 1930-ական թվականների շենք է և շատ լավ վիճակում է գտնվում: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից շենքը օտարելու և նույն տեղում հյուրանոց կառուցելու որոշմանը:
«Բնակիչները շատ լավ պահպանել են, և պետք է հաշվի առնել նաև նրանց շահերը: Բացի այդ, մեր հին, լավ շենքերից մեկն է, չի կարելի քանդել»,-ասաց նա և նշեց, որ այս պահին խորությամբ տեղյակ չէ հարցին, առաջիկայում մանրամասներ կիմանա:
Հարցին, թե այդ տարածքում հյուրանոցի կառուցումը չի՞ աղճատի Թումանյան փողոցի տեսքը, նա պատասխանեց. «Ավելի կարևոր, գողտրիկ փողոցներում են շենքեր քանդել ու հյուրանոց կառուցել: Այստեղ ավելի շատ եղածը կորցնելու խնդիր կա, որը անվերադարձ է»:










