Տիգրան Սարգսյանը Վաշինգտոնում հանդիպել է եզդի համայնքի ներկայացուցիչների հետ

11:54 • 19.02.15

Փետրվարի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հ/կ խորհրդի նախագահ Ամո Շարոյանի և Ամերիկյան եզդիական կենտրոնի հիմնադիր Դախիլ Շամոյի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը։


Ողջունելով հյուրերին՝ դեսպան Սարգսյանը բարձր է գնահատել հայ-եզդիական դարավոր բարեկամությունը և եզդիական համայնքի ներդրումը Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Դեսպանը, մասնավորապես, նշել է, որ եզդիական համայնքը մշտապես ակտիվ դերակատարում է ունեցել Հայաստանի քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում:

 

Հանդիպմանը քննարկվել են հայ և եզդիական համայնքային և ազգային կառույցների միջև հարաբերությունների առավել զարգացմանը և ամրապնդմանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում համատեղ ոգեկոչման միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:


Զրուցակիցերն անդրադարձել են նաև Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների ներքո ազգային և կրոնական փոքրամասնությունների առջև ծառացած խնդիրներին, դրանց լուծման շուրջ քայլերի համադրմանը: