Փորձարկվեցին հաշմանդամների համար նախատեսված վերելակներով ավտոբուսները (տեսանյութ)
Այսօր քաղաքապետարանի դիմաց փորձարկվեցին վերելակներով համալրված տասը ավտոբուսները, որոնք նախատեսված են սակավաշարժ մարդկանց և հաշմանդամների համար:
Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ տասը ավտոբուսների համար նախատեսված են հինգ երթուղիներ, որոնք հիմնականում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջանները կապում են քաղաքի կենտրոնի, ուսումնական հաստատությունների հետ:
Նա նշեց, որ Կարմիր Խաչի առողջական կենտրոնի հետ կապող մեկ երթուղի կա, որի համար նախատեսված է երեք ավտոբուս, ինչպես նաև բոլոր երթուղիները քաղաքի որևէ տարածքում հանգուցային կետ ունեն, որոնք կապվում են այդ երթուղու հետ:
«Երթուղիներն ընտրված են ՀԿ-ների հետ քննարկումներից հետո»,-ասաց նա:
Հենրիկ Նավասարդյանը հայտնեց նաև, որ ավտոբուսների վրա փակցված է հաշմանդամության սարքավորման վերաբերյալ տեղեկություն ունեցող համապատասխան տարբերանշան:
«Ավտոբուսում փակցված են երթակարգավարների հեռախոսահամարները, ինչը հնարավորություն է տալիս, որ հաշմանդամ անձը կարողանա կապ հաստատել տվյալ հեռախոսահամարով երթակարգավարի հետ և իմանալ, թե քաղաքի այդ տարածքով մոտակա որ ժամանակահատվածում ավտոբուսը կմոտենա»,-ասաց նա և ավելացրեց, որ ավտոբուսի ներսում տեղադրված են նաև բռնակներ:
Նավասարդյանն ընդգծեց, որ վերելակներն աշխատում են շատ սահուն։
Տրանսպորտի վարչության պետը նշեց, որ 2015 թվականին ևս 10 ավտոբուսներ կհարմարեցվեն հաշմանդամություն ունեցողների համար. 2014 թվականի համար տրամադրվել է 30 միլիոն դրամ, նույնքան էլ 2015 թվականի համար կտրամադրվի։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանն էլ հայտնեց, որ իրենց կողմից լիարժեք սպասարկում կիրականացվի նախանշած երթուղիներով:
«Ունենք բոլոր անհրաժեշտ և հնարավոր միջոցները բացարձակ սպասարկում իրականացնելու համար, վարորդները ստացել են բոլոր հրահանգավորումները»,-ասաց նա և նշեց, թե կարծում է, որ որևէ դժվարություն չեն ունենա:










