Շիրակի մարզպետարանը հերքում է Գյումրիում ռուսների կողմից տոնական միջոցառման անցկացման լուրը
Շիրակի մարզպետարանը պաշտոնապես հերքում է խորհրդային բանակի տոն համարվող փետրվարի 23-ի և ռուսական «Բերկենդան»-ի հետ կապված ռուսական 102-րդ ռազմաբազայի կողմից Գյումրիում անցկացվելիք տոնական միջոցառումների լուրը:
Որոշ լրատվամիջոցների տեղեկությունները, համաձայն որոնց` ռուսները Գյումրիում մեծ տոնախմբության են պատրաստվում, չեն համապատասխանում իրականությանը:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է մարզպետի օգնական Արաքսյա Կիրակոսյանը: Փետրվարի 21-ին լրանում է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների մահվան 40-րդ օրը:
«Փետրվարի 21 և 22-ին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի կողմից որևէ միջոցառում պլանավորված չէ և չի էլ լինելու: Տարածված տեղեկատվությունն ապատեղեկատվություն է: Նմանատիպ հարց չի քննարկվել: Ավելին, Ավետիսյանների մահվան քառասուներորդ օրվա հետ կապված ռուսական եկեղեցում կմատուցվի պատարագ»,-ասել է Արաքսյա Կիրակոսյանը:










