Քաղաքական պայքարի դուրս եկած մարդը պետք է հնարավոր համարի, որ կարող է դառնալ քաղբանտարկյալ. Մ. Մալխասյան

17:31 • 20.02.15

Քաղաքական պայքարի դուրս եկած որևէ անհատ պետք է գիտակցի, որ հնարավոր է՝ արժանանա քաղբանտարկյալ լինելու ճակատագրին:


Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդմանը հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը՝ անդրադառնալով վերջին ներքաղաքական զարգացումներին:


«Քաղաքական պայքարի դուրս եկած մարդը պիտի նաև հաշվի առնի, որ հնարավոր է նաև այդ ճակատագիրը։ «Բարգավաճ Հայաստանը» վերջին ժամանակահատվածում ենթարկվեց հալածանքների, բայց մինչ այդ լուրջ պայքար էր սկսել, որը ժողովրդի մոտ առաջացնում էր հավատ, մտածողություն, որ հույս կապեն այս բարեփոխումների հետ, ապագայի հետ: Բայց վերջին իրադարձությունները, ռեպրեսիաները ի չիք դարձրեցին»,-ասաց Մյասնիկ Մալխասյանը:


Նա այսօր նախատեսված հանրահավաքի չեղյալ համարումը ևս նոր հուսախաբության պատճառ համարեց։


Անդրադառնալով ԲՀԿ խորհրդաժողովին և դրան հաջորդած իրադարձություններին, Մալխասյանը նշեց. «Վտանգի դեպքում արդեն սկսում են կիրառել բիրտ ուժը, և սա այն դեպքն էր, որ արդեն վտանգ էին զգում և մտածում, որ այս փետրվարի 20-ի հանրահավաքը կարող է լուրջ արդյունքներ ունենալ»։


Անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործիչը չարիք է, նա նկատեց, որ զարմանալի է, որ նոր նկատեցին, երբ տարիներ առաջ համագործակցել էին այդ քաղաքական ուժի հետ՝ կոալիցիոն համագործակցության շրջանակներում:


Նա ադեկվատ համարեց ԲՀԿ պատասխանը, բայց ցավալի՝ դրան հետևած իրադարձությունները: