Մայդանում դիպուկահարներին ղեկավարել է Պուտինի օգնականը. Ուկրաինայի ԱԾ ղեկավար
Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովն անձամբ է ղեկավարել 2014 թվականի փետրվարին Անկախության մայդանում օտարերկրացիների դիպուկահար խմբերը: Այդ մասին Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը հայտարարել է «1+1» հեռուստաալիքի եթերում, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Նալիվայչենկոն հայտնել է, որ այդ տեղեկությունը հարցաքննությունների ժամանակ հայտնել են Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության «Ալֆա» հատուկ ստորաբաժանման աշխատակիցները:
«Նրանք կոնկրետ վկայություններ են տվել օտարերկրյա դիպուկահար խմբերի գտնվելու վայրի մասին, որոնք նշան են բռնել և՛ ցուցարարների, և՛ Ներքին գործերի նախարարության աշխատակիցների վրա»,- ասել է նա:
Նալիվայչենկոն ընդգծել է, որ իրավապահներն ունեն փաստաթղթեր, որոնք հաստատում են նրանց ապօրինի գործունեությունն Ուկրաինայի տարածքում:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների 3 խումբ Կիև է ժամանել 2013 թվականի դեկտեմբեր- 2014 թվականի փետրվարին և իրականացրել է Եվրամայդանի ակտիվիստներին ցրելու կազմակերպում և պլանավորում:










