Կողմերը հաստատել են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հարցում իրենց հանձնառությունը. ՄԽ համանախագահների հաղորդագրությունը

15:12 • 20.02.15

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանից Իգոր Պոպովը, Միացյալ Նահանգներից Ջեյմս Ուորլիքը և Ֆրանսիայից Պիեր Անդրյոն, ամփոփելով փետրվարի 16-19-ն իրականացված տարածաշրջան այցը, հաղորդագրություն են տարածել։

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ տարածաշրջան այցի ընթացքում նրանց է միացել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: 

 

Համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ: Համանախագահների այցի գլխավոր նպատակն է եղել կողմերին կոչ անել խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը՝ հունվարին գրանցված լարվածության վտանգավոր աճից հետո, նշված է հաղորդագրությունում:

 

«Համանախագահների հետ իրենց քննարկումներում կողմերը հաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում իրենց հանձնառությունը: Նախագահները համաձայնել են քննարկել համանախագահների առաջարկները, որոնք կարող են նպաստել հրադադարի ռեժիմի պահպանմանը»,- նշված է հաղորդագրությունում:

 

Համանախագահները նախագահների և արտաքին գործերի նախարարների հետ քննարկել են կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերը, ինչպես նաև՝ այս տարի սպասվող նախագահների հանդիպման համար պատրաստությունները:

 

Այցի ընթացքում համանախագահները հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհայտ կորած մարդկանց վերաբերող հարցերը քննարկելու նպատակով: Նրանք ընդգծել են ԿԽՄԿ-ի հովանու ներքո անհայտ կորած անձանց մասին տեղեկություններ փոխանակելու վերաբերյալ 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում կայացած նախագահական համաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնության կարևորությունը: