Էրդողանի դստեր դեմ մահափորձի ծրագիր է գաղտնազերծվել

12:20 • 20.02.15

Թուրքիայի հետախուզական ծառայությունները գաղտնազերծել են երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դստեր՝ Սումեյյա Էրդողանի դեմ պլանավորված մահափորձը:

 

Ինչպես տեղեկացնում է Sabah օրաթերթի կայքը, մահափորձի կազմակերպիչները միմյանց հետ շփվել են ինտերնետով, և նրանց համացանցային հաղորդագրություններից պարզ է դարձել, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Էրդողանին հրապարակներից հեռու պահելու նպատակով Սումեյյա Էրդողանի դեմ մահափորձ է պլանավորվում:

 

Թուրքիայի պատկան մարմինները մահափորձը կազմակերպելու պատասխանատվությունը դնում են այսպես կոչված՝ «զուգահեռ պետության» և գյուլենականների վրա (Էրդողանի հիմնական հակառակորդ, ամերիկաբնակ Ֆեթհուլլա Գյուլենի-Tert.am):

 

Կազմակերպիչները նշել են, որ ԱՄՆ-ից խելագար մի մարդասպան են վարձել, որն արդեն Ստամբուլում է:

 

Նույն զրույցի ընթացքում @saslojal անվամբ հանդես եկող օգտատերը նշել է, որ մահափորձն իրականացնող անձը պետք է «մահն իր աչքի առաջ ունենա»:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե Էրդողանը ցանկանում է դստերն առաջադրել խորհրդարանական ընտրություններում՝ նրա անձեռնմխելիությունն ապահովելու համար: