Զինյալները 35 սիրիացի զինծառայողի են գերի վերցրել Հալեպի հյուսիսում
Զինված ընդդիմության ներկայացուցիչները հայտնել են, որ 35 սիրիացի զինծառայողի են պատանդ վերցրել Հալեպի հյուսիսում գտնվող քաղաքում ընթացող մարտերի ժամանակ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` «ալ-Մայադին» լիբանանյան հեռուստաընկերությանը հղումով, մարտերի հանգուցակետում հինգշաբթի գիշերը սիրիացի զինվորականները ստիպված են եղել հեռանալ քաղաքից: Հեռուստաալիքի տվյալներով` ծայրահեղականները, ովքեր գրավել են քաղաքը, բանակցություններ են սկսել կառավարական զորքերի հետ գերիներին փոխանակելու համար:
«Ալ-Մայադինի» փոխանցմամբ` ուժեղ մարտերն սկսվել են, երբ թուրքական սահմանից աջակցություն է եկել զինված ավազակախմբերին, հարյուրավոր զինյալներ և «դիտորդ-սպաներ են ժամանել մի շարք հարևան երկրներից»:
Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Թանժու Բիլգիչը երեքշաբթի հայտարարել էր, որ Թուրքիան և ԱՄՆ-ն պատրաստ են հուշագիր ստորագրել սիրիական ընդդիմությանը զինելու և վերապատրաստելու մասին: Անկարան և Վաշինգտոնը մտադիր են վերապատրաստել Սիրիայի Ազատ բանակի 2000 ընդդիմադիր զինյալի` Սիրիայի կառավարական զորքերի դեմ պայքարելու համար:










