Բարեկամ հայերը պետք է դատապարտեն եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը. Ազիզ Թամոյան
«Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանը կարծում է, որ եթե հայերը եզդիներին համարում են լիարժեք բարեկամներ, ապա պետք է համարժեք քայլ կատարեն և դատապարտեն նաև եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։
«Ղարաբաղյան պատերազմի ժամանակ եզդիները մեծ օգնություն են ցուցաբերել հայերին և շատ զոհեր են ունեցել՝ ապացուցելով, որ հայերի լիարժեք բարեկամներն են, ուստի սպասում են նաև համարժեք քայլեր հայերի կողմից»,-այսօր հրավիրված ասուլիսին ասաց նա:
Թամոյանը դժգոհ է, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին զուգահեռ քիչ է խոսվում եզդիների ցեղասպանության մասին։
«Պետք է խոսել եզդի ժողովրդի ցեղասպանության մասին, եթե որևէ մեկը չգիտի այդ մասին, ես կհանձնեմ իմ այս գրքերը, որոնք հաստատված են համապատասխան մարմինների ու պաշտպանության նախարարի կողմից»,- ասաց նա՝ դժգոհելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած այն լսումներից, որտեղ քննարկվում էր Զարուհի Փոստանջյանի հեղինակած եզդիների ցեղասպանության մասին նախագիծը, որը սակայն չընդունվեց։
«Ես երկու անգամ այցելել եմ Թուրքիա, այն չարաբաստիկ վայրերում եմ եղել, որտեղ սպանվել են հարյուրավոր եզդիներ, ինչպե՞ս կարելի է նման հայտարարությամբ հանդես գալ, թե եզդիների ցեղասպանության մասին գրականություն չկա, դա սադրանք է»,- ասաց նա:
Ի դեպ, Թամոյանն անդրադարձավ նաև այսօր նշվող եզդիների սիրո տոնին՝ Խդր Նավին, ով ըստ նրա՝ «մուրազ» բաշխող հրեշտակ է։
Թամոյանի խոսքով, եթե անգամ եզդիական ընտանիքում սուգ է եղել որոշ ժամանակ առաջ, ապա, միևնույն է, տոնը պետք է նշվի. «Եթե եզդիներից ոմանք մեկը մյուսի հետ գժտվել են, ապա Խդր Նավի տոնին անպայման պետք է հաշտվեն, մենք փոքր ազգ ենք, պետք է մոռանանք ամեն ինչը, դա ընդունված կարգ է»,- ասաց նա










