Բակո Սահակյանն ընդունել է Հայոց ցեղասպանության պատմությունը հետազոտող իսրայելցի գիտնականի

12:59 • 21.02.15

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է հայտնի իսրայելցի գիտնական, Իսրայելի Բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնին: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։


Հանդիպմանն արծարծվել են հայ ժողովրդի պատմությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:


Նախագահ Սահակյանն արժևորել է Հայոց ցեղասպանության պատմությանն առնչվող թեմաների շուրջ Յաիր Աուրոնի հետազոտությունները գիտակրթական և բարոյական տեսանկյուններից` ընդգծելով, որ պրոֆեսորի աշխատությունները լուրջ ներդրում են Մեծ եղեռնի ուսումնասիրության ու միջազգային ճանաչման, ինչպես նաև հայ և հրեա ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում:


Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: