Պերմյակովի գործում հայ հանրությունն ավելի կվստահի ՀՀ իրավապահ մարմիններին, քան ՌԴ. Բորիս Նավասարդյան

11:44 • 21.02.15

Այսօր լրանում է Ավետիսյանների ընտանիքի քառասունքը: Tert.am-ի հետ զրույցում Երևանի մամուլի ակումբի  նախագահ Բորիս Նավասարդյանն անդրադարձավ այս 40 օրվա հասարակական արձագանքին` կապված Գյումրիում սպանդի դեպքի հետ: Ըստ նրա`վերջին շրջանում պասիվություն է նկատվում, ինչը պայմանավորված  է հենց այն հանգամանքով, որ մինչ քառասունքը մարդիկ չէին ցանկանում ակտիվ ակցիաներ անել, սակայն նա չբացառեց,  որ այսուհետ գոնե Գյումրիում ակտիվության դրսևորումներ կլինեն:


«Թե որքանով դրանք տևական կլինեն, դժվար է ասել և կապված կլինի, թե Գյումրիի այդ ակցիաները ինչպիսի աջակցություն կստանան նաև Հայաստանի այլ վայրերից, մասնավորապես՝ մայրաքաղաքից»,- ասաց նա և նշեց, որ եթե ամեն ինչ  սահմանափակվի Գյումրիով, ապա ներքին ակտիվության ռեսուրսը կարող է արագ սպառվել, իսկ եթե զուգահեռաբար ակցիաներ կազմակերպվեն այլ տեղերում, ապա Գյումրին կսնվի ամբողջ հայ հասարակության աջակցությամբ և միգուցե որոշակի պահանջների շնորհիվ ինչ-որ նոր բաների կհասնի:


«Այն ինչ տեղի ունեցավ կարելի է բնութագրել մեր հասարակության հատուկ «սպրինտային»  հատկությանը, որ ինչ անում ենք`  արագ ենք անում,  մեկ պոռթկումով և գործողությամբ, իսկ եթե նպատակին չենք հասնում` ակտիվությունը մարում է»,- կարծում է նա:


Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի  սահմաններում,  նրանց մահը վրա է հասել  հրազենային վնասվածքներից։  Ավետիսյանների ընտանիքից ողջ էր  մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից  ստացած  վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել:


Բորիս Նավասարդյանը նշեց, որ առայժմ այդ տպավորությունը կա նաև Գյումրիի սպանդի հետ կապված: «Սկզբում բորբոքվեցինք, ցույց տվեցինք մեր անհամաձայնությունը, նույնիսկ հասանք որոշակի նպատակների, դատախազի կողմից խոստումների, իսկ հետո ամեն ինչ մարելու հեռանկարներ նշմարվեց»,- ասաց նա:


Երևանի մամուլի ակումբի նախագահը նշեց, որ հասարակությունը չունի հստակ երկարատև օրակարգ իր հարցերը լուծելու համար: «Հասարակությունը պատրաստ է միայն արագ և կարճատև դիստանցիաների վրա գործել»,- ասաց նա: Ըստ նրա` եթե Ռուսաստանի դատախազը ընդունի մեր դատախազի դիմումը և գործն ամբողջությամբ հանձնվի Հայաստանի իրավապահ մարմիններին, ապա դա կարող ենք համարել հարցի լուծում:

 

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ եթե ամբողջ քննությունը և դատավարությունն ընթանա Հայաստանի մարմինների պատասխանատվության ներքո և նրանց իրավազորության շրջանակներում, ապա հասարակությունը ուշի ուշով կհետևի և պահանջատեր կլինի, որպեսզի մինչև վերջ հետաքննվի գործը և արդարությունը հաղթի: Հակառակ դեպքում, եթե ամեն ինչ արվում է ռուսաստանյան մարմինների իրավասության շրջանակներում, ապա այնտեղ մենք իրավիճակը, գործընթացը վերահսկելու շատ քիչ լծակներ ունենք»,- ասաց նա:


Ամեն դեպքում նա խիստ կասկածում է, որ Ռուսաստանը կընդառաջի և կընդունի մեր դատախազի խնդրանքը, սակայն եթե լինի հանրային ակտիվություն, ապա այն կարող է գործոն ծառայել: «Ռուսաստանում նույնպես որոշում կայացողները փորձում են տեսնել` որ կողմից է ճնշումն ավելի շատ. Ռուսաստանի հայրենասիրական կոչված ուժերի կողմից, որոնք ուզում են ամեն կերպ պաշտպանել իրենց զինվորին և որևէ հնարավորություն չտալ այլ երկրի մարմիններին որոշել իրենց զինվորի ճակատագիրն, այդ ճնշումը կա Ռուսաստանում և ակտիվանալու է, բայց եթե լինի ճնշում նաև Հայաստանից, արդեն կփորձեն չափել, թե որ ճնշումն է ավելի ուժեղ»,- ասաց նա:


Բորիս Նավասարդյանն ասաց, որ ինչ էլ որ խոսվի, ինչ վարկած էլ, որ քննության ընթացքում առաջարկվի հասարակությանը, այն ճիշտ լինի, թե՝ ոչ, միևնույնն է, վստահություն չի վայելելու: «Այսինքն`  Հայաստանի հասարակությունը չի հավատալու, որ ամեն ինչ հենց այնպես է` ինչպես քննչական մարմինները  ներկայացնում են, հենց այն պատճառով, որ քննությունն իրականացվում  ոչ հայկական մարմինների կողմից: Որքան էլ բացասական վերաբերմունք և կասկածներ կան Հայաստանի իրավապահ մարմինների և դատարանների նկատմամբ` այս գործում Հայաստանի հանրությունն ավելի շատ կվստահեր հենց Հայաստանի մարմիններին, քան Ռուսաստան»,- ասաց նա: