Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը աջակցություն է հայտնել «Չելսիի» երկրպագուներից տուժած տղամարդուն

17:45 • 21.02.15

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը զանգել է տղամարդուն, ով տուժել է Փարիզի մետրոյում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղից առաջ «Չելսի» ակումբի երկրպագուների ռասիստական պահվածքի պատճառով, գրում է gazeta.ru-ն:

 

Ուրբաթ օրը Ֆրանսիայի նախագահը զանգել է տղամարդուն, ով ինչպես պարզվել է մավրիտանական ծագմամբ 33-ամյա ֆրանսիացի Սուլեյման Ս.-ն է, և նրան աջակցության խոսքեր է հայտնել:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է սևամորթ տղամարդը փորձում մետրո նստել, սակայն նրան մի քանի անգամ հրում են և թույլ չեն տալիս վագոն մտնել «Չելսիի» երկրպագուները՝ բացականչելով. «Մենք ռասիստ ենք, մենք ռասիստ ենք, և մեզ դա դուր է գալիս»:

 

«Չելսիի» ղեկավարությունը որոշում է կայացրել այդ երկրպագուներին արգելել այցելել թիմի խաղերին, իսկ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներողություն է խնդրել Սուլեյմանից ակումբի անունից և նրան հրավիրել է Լոնդոնում ակումբի պատասխան խաղին: