ԱՄՆ-ն ու Կուբան կքննարկեն Վաշինգտոնում և Հավանայում դեսպանատներ բացելու հարցը

13:10 • 21.02.15

ԱՄՆ-ի և Կուբայի ներկայացուցիչները կհանդիպեն փետրվարի 27-ին՝ Վաշինգտոնում և Հավանայում երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը վերսկսելու հարցը քննարկելու նպատակով: Այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ, գրում է interfax.ru-ն:

 

«Բանակցությունները կկենտրոնանան հարցերի վրա, որոնք կապված են երկու երկրներում դեսպանատների և դիվանագետների աշխատանքը վերսկսելու հետ»,- նշել են պետքարտուղարությունում:

 

Դա կլինի Միացյալ Նահանգների և Կուբայի ներկայացուցիչների բանակցությունների երկրորդ փուլը, հանդիպումը կանցկացվի Վաշինգտոնում: Երկու երկրների դեսպանատների աշխատանքների վերսկսման մասին ԱՄՆ-ի և Կուբայի միջև առաջին պաշտոնական բանակցությունները կայացել են Հավանայում՝ հունվարի 21-22-ը:

 

ԱՄՆ-ի և Կուբայի ղեկավարներ Բարաք Օբաման և Ռաուլ Կաստրոն դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին հայտնել էին 2014 թվականի դեկտեմբերի 17-ին: