Հայոց լեզվին ոչինչ չի պատահել, մենք պետք է այն լավ գործածենք.Դավիթ Գյուրջինյան
Չնայած առկա դժգոհություններին, հայոց լեզվի բնականոն զարգացումը չի խաթարվել: Tert.am-ի հետ զրույցում ասաց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը՝ անդրադառնալով հայոց լեզվի գործածության հարցին, մասնավորապես, թե ինչ որակ է և ինչ դինամիկա է արձանագրվել:
«Իհարկե, որոշ դժգոհություն կա, բայց լեզվի բնական զարգացումը չի խաթարվել. նույն հայերենն է, կուռ, ճկուն, հարուստ: Ուղղակի մենք՝ գործածողներս, պետք է այն լավ գործածենք, թե չէ հայոց լեզվին ոչինչ չի պատահել»,- նկատեց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը:
Հիշեցնենք, որ այսօր նշվում է մայրենի լեզվի միջազգային օրը:
Ըստ լեզվաբանի՝ տարվող լեզվական քաղաքականության հարցում Հայաստանը հսկայական անելիքներ ունի, ինչպես հայոց լեզվի պաշտպանության, այնպես էլ կիրառման ուղղությամբ:
Ըստ որում, «Հայաստանը» ասելով՝ լեզվաբանը նկատի չունի Լեզվի պետական տեսչությունը, քանի որ այս մարմնի անելիքը միայն վերահսկողական է: Այլ բան է պետությունը, որը հսկայական անելիք ունի, օրինակ, կրթության ոլորտում: Խոսքը վերաբերում է նախ՝ հայերենի դասագրքերին, հայերենի ուսուցման որակի բարձրացմանը և մոտեցումների արմատական փոփոխությանը, որպեսզի քերականություն սովորեցնելուց բացի, սովորեցնեն հայոց լեզուն իբրև հաղորդակցման միջոց: Նրա գնահատմամբ՝ մեծ ուշադրություն պիտի դարձվի այլ առարկաների լեզվին, որ այն բնական, պարզ և մատչելի լինի:
«Տերմինաշինության հրատապ խնդիրներ կան, ժամանակակից գիտություններում հայտնված նոր հասկացությունները հայացնելու ուղղությամբ ևս հսկայական անելիք կա: Դրանցով պետք է զբաղվեն ակադեմիական հաստատություններ, համալսարաններ»,- ասաց նա։
Դավիթ Գյուրջինյանի գնահատմամբ՝ հայոց լեզվի խնդիրներում առաջին տեղը զբաղեցնում է զանգվածային լրատվամիջոցների (հեռուստատեսություն, տպագիր մամուլ, համացանցային կայքեր) լեզուն:
«Այստեղ վիճակն ուղղակի անմխիթար է. խոսքը լեզվի որակի մասին է: Հայերենը չի ներկայանում իր ողջ հարստությամբ, ճշտությամբ, բառապաշարն աղքատ է, միօրինակ, օտարաբանությամբ և նույնիսկ ժարգոնով հագեցած: Տեքստերը տրամաբանությամբ չեն կառուցվում, տարատեսակ սխալներն անթիվ-անհամար են»,- ասաց Դավիթ Գյուրջինյանը:
Անդրադառնալով օրենսդիր մարմնի՝ Խորհրդարանի լեզվին՝ լեզվաբանը նկատեց, որ այն դժգույն է, մասնագետները հաճախ սխալների օրինակներ այստեղից են քաղում:
«Մի անգամ ասել եմ, որ հայհոյանքը դարձել է քաղաքական խոսույթի բաղադրիչ: Երբ չեն կարողանում քաղաքակիրթ լեզվով բանավիճել, սկսում են հայհոյել: Այս որակն է»,-ավելացրեց լեզվաբանը:










