Ավետիսյանների հոգու համար Գյումրու գերեզմանատանը հոգեհանգստյան կարգ կատարվեց (տեսանյութ)

14:21 • 21.02.15

Գյումրիի գերեզմանատանը տեղի ունեցավ հունվարի 12-ին  սպանված Ավետիսյանների ընտանիքի  անդամների քառասունքի  հոգեհանգստյան կարգը: 


Ավետիսյանների ընտանիքի շիրիմներին այցելում են հարազատներ, շարքային գյումրեցիներ, քաղաքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ:


Մարդիկ  կրկին խաղալիքներ են դնում Գյումրիի սպանդի ժամանակ սպանված երկու տարեկան և վեց ամսական երեխաների գերեզմանաթմբերին:


«Մենք՝ քրիստոնյաներս, անկախ ցավի լրջությունից, հավատում ենք մեռելների հարությանը: Կգա մի օր և կհանդիպենք»,- հայտարարեց հիշատակի խոսքով հանդես եկած տղամարդը:


Արարողությանը ներկա Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը լրագրողներին հայտնեց, որ Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները՝ հարազատները, երկու օր առաջ հրավիրվել են  Քննչական կոմիտե  և նախաքննական մարմնից նրանց  պարզաբանումներ են ներկայացվել՝ քննության ընթացքի հետ կապված։


«Տեղյակ եմ նաև, որ իրենց տեղեկացվել է, որ այսուհետ ևս կտեղեկացվեն, այլ բան ասել չեմ կարող», -ասաց Ֆելիքս Ցոլակյանը:


Ի պատասխան հարցի, թե օրակարգում մնում է Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հարցը, նա նշեց, որ այդ մասին տեղյակ է այնքան, որքան լրագրողները: