«Իսլամական պետության» գրոհայինները պայթեցրել են Իրաքի տարածքում ամենահին մզկիթներից մեկը

17:17 • 21.02.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայթեցրել են Իրաքի տարածքում գտնվող ամենահին մզկիթներից մեկը՝ Ալ-Ֆարուկ մզկիթը, գրում է ТАСС-ը:

 

Ինչպես պատմել է Իրաքի Անբար շրջանի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Սուլեյման ալ-Քաբիսին, առավել շատ ավերածությունների հասնելու նպատակով ծայրահեղականները մզկիթի շուրջն ամբողջությամբ պատել էին պայթուցիկներով: Նրա խոսքերով՝ «պայթյունի հետևանքով մզկիթն ամբողջությամբ ավերվել է»:

 

Անբար շրջանի Ար-Ռամադի քաղաքից 90 կիլոմետր արևմուտք Ալ-Ֆարուկ մզկիթը կառուցվել է VII դարում, այդ ժամանակից ի վեր այն բազմիցս վերականգնվել է, և գտնվում էր շրջանի իշխանությունների մոտ հատուկ հաշվառման մեջ՝ որպես մահմեդականների շրջանում խորը հարգված սրբատեղի:

 

Իրաքի զբոսաշրջության և հնագույն հուշարձանների նախարարության տեղեկություններով՝ Իրաքում ԻՊ-ի գործունեության կտրուկ ակտիվացումից ի վեր մոտ մեկ տարվա ընթացքում ծայրահեղականների հսկողության տակ գտնվող տարածքում վերացվել է մոտ 30 կրոնական շինություն, որոնք բացառիկ պատմական արժեք են ներկայացնում: