Մայրենին շատ են աղավաղում, հատկապես` ԶԼՄ-ները. Մարինե Հովյան
Մայրենիի աղավաղումները շատ են հատկապես զանգվածային լրատվամիջոցների կողմից: Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը, ով նշեց, թե իրենք նույնիսկ մշտադիտարկում են անցկացրել և պարզել, որ փաստերը բոլորովին ուրախացնող չեն։
Բացի հեռուստահաղորդումների ժամանակ հաճախակի դարձած լեզվական աղավաղումներից, նա անդրադաձավ նաև մամուլում մեծ տարածում գտած ժարգոնային գրելաոճին։
Իսկ թե ինչո՞ւ քայլեր չեն արվում դրանք կանխելու համար, արդյո՞ք ազդեցություն չունեն՝ նա նշեց. «Ազդեցություն ունենք, իհա'րկե, կարող ենք սաստել, բայց անում ենք այնքան, որքան կարողանում ենք։ Նամակով դիմում ենք, հորդորակներ ենք կազմում, լինում է, որ անտեսվում է, լինում է, որ հաշվի է առնվում»։
Մարինե Հովյանը նշեց, որ մոնիտորինգից հետո հորդորակները ուղարկել են ըստ հասցեների։ «Կարծում ենք, որ ԶԼՄ ներկայացուցիչները եզրահանգումներ արել են»,-եզրափակեց նա։










