Հռոմում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված կոնֆերանս է անցկացվել

13:19 • 21.02.15

Փետրվարի 19-ին Հռոմի Ջոն Քեբոտ ամերիկյան համալսարանում կայացել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված կոնֆերանս՝ «Հիշելով և ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը. 1915-2015» խորագրով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը։


Կոնֆերանսը կազմակերպել էին Ջոն Քեբոտ համալսարանը և Հռոմի ու Լացիոյի հայկական համայնքը:


Ներկա էին Ջոն Քեբոտ համալսարանի նախագահ Ֆրանկո Պավոնչելլոն, համալսարանի ուսանողներ և դասախոսներ, իտալական հասարակական շրջանակների, ԶԼՄ-ների և իտալահայ համայնքի ներկայացուցիչներ:


Կոնֆերանսի բանախոսներն էին Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, Ջոն Քեբոտ համալսարանի դասախոս պրոֆեսոր Զարա Պողոսյանը, Լոնդոնի Կոմիտասի ինստիտուտի տնօրեն պատմաբան Արա Սարաֆյանը:


Կոնֆերանսի բացման խոսքով հանդես է եկել Ֆրանկո Պավոնչելլոն: Նա իր խոսքում կարևորել է Հայոց ցեղասպանության հարցում ժխտողականության դեմ պայքարը՝ նշելով, որ համալսարանի կողմից կոնֆերանսի կազմակերպումը մի կողմից հիշատակի տուրք է Մեծ եղեռնի զոհերին, իսկ մյուս կողմից ժխտողականության դեմ պայքարի խորհուրդ է պարունակում:


Նախքան իր ելույթը պրոֆեսոր Զարա Պողոսյանը ընթերցել է Ստամբուլի Սաբանչի համալսարանի դասախոս պրոֆեսոր Այշե Գյուլ Ալթինայի ուղերձը, որում, մասնավորապես, ասվում էր՝ «Թող որ մենք Թուրքիայում խիզախություն և ուժ ունենանք առերեսվելու հայերի ցեղասպանության հետ՝ մարդկության դեմ մի սարսափելի ոճրագործության, ինչպես նաև կյանքի, սիրո և հույսի ահռելի կորստի հետ: Թող այս 100-ամյա տարելիցը մեզ բոլորիս միավորի աշխատելու հանուն արդարության և բոլորի համար խաղաղ ապագայի»:


Պրոֆեսոր Զարա Պողոսյանը ներկայացրել է այն հետևանքները, որ ցեղասպանությունն ունեցավ հայ ժողովրդի հետագա ճակատագրի, ինչպես նաև, որպես չպատժված ոճրագործություն, այլ ցեղասպանությունների նախաձեռնման և իրականացման վրա:


Կոմիտասի ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը խոսել է Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի քաղաքական և հասարակական, անկախ պատմագիտական շրջանակներում նկատվող դրական փոփոխությունների մասին, որոնք հույս են ներշնչում, որ Թուրքիան վերջիվերջո կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

 

Իր ելույթում Դեսպան Սարգիս Ղազարյանը գոհունակություն է հայտնել, որ դահլիճում ներկա են մեծ թվով ուսանողներ՝ նկատելով, որ ցեղասպանությունների մասին երիտասարդ սերնդի կրթումն ու տեղեկացվածությունը շատ կարևոր են հետագա ցեղասպանությունների կանխարգելման համար: Այդ առումով նա կարևորել է ցեղասպանությունների ժխտողականության դեմ պայքարը: Դեսպանը հատուկ անդրադարձ է կատարել Թուրքիայի կողմից իրականացվող ժխտողական քաղաքականությանը և ներկայացրել միջազգային հարթակներում ցեղասպանությունների կանխարգելման գործում Հայաստանի Հանրապետության կատարած աշխատանքները: