«Եռյակի» գործողությունից հասարակությունը հերթական անգամ հուսահատություն ապրեց. Անահիտ Բախշյան

17:17 • 22.02.15

Ժողովուրդն ընդհանրապես հուսալքված է, և հերթական այս քայլը, որի հետ, զարմանալի է, բայց հույս էին կապում, էլի փլվեց։

Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի քաղաքապետարանի «Բարև Երևան» խմբակցության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը պատասխանելով հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունից հետո, որ ներկա դրությամբ «Եռյակ» գոյություն չունի, հասարակության շրջանում հիասթափություն չառաջացա՞վ ընդդիմության նկատմամբ։  

«Դա արդեն փաստ է, ես չեմ կարող Րաֆֆի Հովհաննիսյանի ասածներին ինչ-որ բան ավելացնել: Այո՛, իրենք (ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն) դուրս մնացին, իրենք հրաժարվեցին այդ միասնական հրապարակ գաղափարից, որի մասին Րաֆֆին մի քանի տարի է ասում է: Միասնական հրապարակ, միասնական պահանջ, միասնական մոտեցում, որից կշահի երկիրը, ժողովուրդը, բայց չեղավ»,-ասաց տիկին Բախշյանը:

Նա նշեց նաև, թե իր համար «Եռյակի» այս կարգավիճակը սպասելի էր, բայց հասարակության այն մասը, որ հույսեր էր կապում, հերթական անգամ ապրեց այդ հուսահատությունը:

«Սակայն կար ժողովրդի մի ստվար զանգված, որը հույսեր չէր կապում, և ասաց, թե այո՛, պետք է լիներ այն, ինչ եղավ»,-նշեց ԱԺ նախկին պատգամավորը:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատության» հրապարակում հայտարարեց, թե ներկա դրությամբ «Եռյակ» գոյություն չունի: