Երկվորյակների մահվան ելքով վրաերթի վարորդը կալանավորվել է. ՔԿ

20:35 • 22.02.15

Երևանում տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ քննվող քրեական գործով վարորդին մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Փետրվարի 19-ին Երևանում` Նորք-Մարաշի Արմենակյան փողոցում, տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել ավտոմեքենայի վարորդ Ռ. Ավետիսյանին:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու մարդու մահ): Քննիչը դատարան է ներկայացրել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին միջնորդություն, ինչը բավարարվել է:

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, քաղաքացի Ռ.Ավետիսյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Մարաշի Արմենակյան փողոցում վրաերթի է ենթարկել 4 անձի` 82-ամյա Անահիտ Կարապետյանին, 29-ամյա Աննա Հարությունյանին և նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետև բախվել ցանկապատին: Վրաերթի հետևանքով մանկահասակ երեխաներից մեկը մահացել էր փետրվարի 19-ին, մյուսը` այսօր, փետրվարի 22-ին` հիվանդանոցում:

Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: