Մուհամեդ Ալիի և Սոնի Լիստոնի ձեռնոցները վաճառվել են 956 000 դոլարով
Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի և նրա հակառակորդ Սոնի Լիստոնի ձեռնոցները վաճառվել են 956 000 դոլարով, գրում է Associated Press-ը:
Այդ ձեռնոցներով մարզիկները ԱՄՆ Մեն նահանգի Լյուստոն քաղաքում ռևանշ պայքար էին անցկացրել 1965-ի մայիսի 25-ին: Ալին հաղթանակ էր տարել առաջին ռաունդում:
Խաղի դատավոր Ջորջ Ռուսոն այդ ձեռնոցները վերցրել էր իրեն, իսկ նրա ընտանիքում դրանք պահվել էին տասնամյակներով: Մի քանի տարի առաջ դրանք գնել էր Կալիֆոռնիայից մի հավաքորդ, ով էլ ձեռնոցները վաճառքի էր հանել:
Ձեռնոցների նոր տիրոջ անունը չի հրապարակվում: Բացի այդ, 179 000 դոլարով վաճառվել էր նաև մի լուսանկար՝ «Ուրվականային հարված» մակագրությամբ, որում Ալին է կանգնած, իսկ Լիստոնը ընկած է գետնին։
:










