Վանդալները պղծել են Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Անհայտ վանդալները պղծել են Փարիզում ֆրանսիական Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրությունում իրականացված ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, տեղեկացնում է Lenta.ru-ն:
Ինչպես հայտնել է Փարիզում ահաբեկչությունների զոհերի հիշատակի համար կազմված աշխատանքային խմբի ղեկավար Սաբրինա Դելիրին, իմպրովիզային հուշարձանը՝ կազմված ծաղիկներից ու լուսանկարներից, վնասվել է վերջին երկու շաբաթների ընթացքում արդեն չորրորդ անգամ, սակայն ակտիվիստները նախորդ ակտերի մասին չեն հաղորդել:
«Այս անգամ նրանք քանդել են ամեն ինչ»,- ասել է ակտիվիստ Ռեմի Վիալարետը: Նրա խոսքով՝ կամավորներն արդեն ոստիկանություն են դիմել:
Charlie Hebdo-ի խմբագրատան վրա հարձակումն իրականացվել էր հունվարի 7-ին: Երեք զինյալներ կրակել էին 12 մարդու, ևս 11-ը վիրավորվել էր: Կասկածյալներ Սաիդ և Շերիֆ Քուաշի եղբայրներն ահաբեկչությունից երկու օր անց սպանվել էին հատուկ գործողության ընթացքում՝ Փարիզից ոչ հեռու։










