Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը միացել է ԻՊ-ի դեմ պայքարին
Ֆրանսիական ռազմածովային ուժերին պատկանող «Շառլ դը Գոլ» ավիակիրն այսօրվանից միացել է Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարին, հաղորդել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության աղբյուրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ավիակրի ներգրավումը «Շամալ» գործողությանը սկսվել է առավոտյան»,- հաղորդել է աղբյուրը:
Առաջին Rafale կործանիչներն այսօր առավոտյան արդեն թռել են ավիակրից՝ Իրաքի ուղղությամբ: Նշվում է, որ դրանք իրենց նպատակներին հասել են երկու անգամ ավելի արագ, քան ԱՄԷ-ում գտնվող ֆրանսիական ռազմաբազայից թռիչք կատարելուց հետո:
Իրաքի և Սիրիայի տարածքում շրջաններ գրաված ու խալիֆայություն հռչակած ԻՊ-ը դարձել էր 2014-ի համաշխարհային հանրության հիմնական խնդիրներից մեկը: ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ ԻՊ-ի շարքերում կռվում է մոտ 30 հազար զինյալ:
ԻՊ-ի դեմ պայքարի միասնական ճակատ չկա. նրա դեմ կռվում են Սիրիայի և Իրաքի կառավարական զորքերը և ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան (դեռևս սահմանափակվում են միայն օդային հարվածներով), ինչպես նաև Իրաքում ու Սիրիայում գտնվող քրդերը:
«Շառլ դը Գոլը» Ֆրանսիայի ռազմածովային ուժերի միակ գործող ավիակիրն է: Նա առաջին մարտական նավն է, որն ատոմային սարքավորումներ ունի և շահագործման է հանձնվել 2001 թվականին:










