Հունաստանը վարկատու «եռյակին» ներկայացրել է բարեփոխումների ցանկը. Bild

10:10 • 23.02.15

Հունաստանը վարկատու «եռյակին» ներկայացրել է բարեփոխումների առաջին ցանկը, որը հիմնված է վարկային ծրագիրը երկարացնելու մասին փետրվարի 20-ին ձեռք բերված համաձայնության վրա: Այդ մասին Bild գերմանական թերթին հայտնի է դարձել կառավարությունում առկա աղբյուրներից, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Թերթի տվյալներով՝ Հունաստանի իշխանությունները կազմել են երեք էջանոց ցանկ: Վերջնական փաստաթուղթը կներկայացվի «եռյակին» երկուշաբթի օրը՝ փետրվարի 23-ին: Ինչպես սպասվում է, Եվրոպական միությունը, Եվրոպական կենտրոնական բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը կքննարկեն հունական կառավարության առաջարկները և կկատարեն անհրաժեշտ փոփոխությունները:

 

Նշվում է, որ հույներն առաջարկում են հարկային բարեփոխում իրականացնել, որը թույլ կտա պետական գանձարան «բերել» մինչև 8,3 միլիարդ դոլար: Հունական իշխանությունները մտադիր են հարկել օլիգարխներին և խոշոր արդյունաբերությանը: Բացի այդ՝ կառավարությունն անհրաժեշտ է համարում զգալիորեն մեծացնել ծխախոտի և բենզինի մաքսանենգության համար տուգանքների չափը: