Վրաստանի և Ուկրաինայի նախագահները հանդիպել են Կիևում
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ, ով ժամանել է Կիև՝ Մայդանի իրադարձությունների տարելիցի կապակցությամբ Արժանապատվության երթին մասնակցելու համար, հայտնում է Грузия Online-ը։
Պորոշենկոն նշել է, որ այդ երթը ցուցադրել է ուկրաինացի ժողովրդի և եվրոպացի առաջնորդների միասնականությունը՝ ահաբեկչությունը հաղթահարելու հարցում։
Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մարգվելաշվիլիին Ուկրաինային աջակցելու համար։ «Մենք շատ ուրախ ենք տեսնել ձեզ այսօր Կիևում։ Վերջին երեք օրերի ընթացքում Արժանապատվության հեղափոխությունը տոնելու ընթացքում Կիևում շատ են եղել վրացական դրոշներ»,- ասել է Պորոշենկոն։
Վրաստանի նախագահն իր հիացմունքն է հայտնել երթի կապակցությամբ։ «Մենք երջանիկ ենք տեսնել, թե որքան համախմբված է Ուկրաինան։ Եվ ոչ միայն Ուկրաինան, այլև նրա բոլոր ընկերները համախմբվել են՝ աջակցելու այն արժեքներին, որոնց համար դուք այդքան համառ պայքարում եք։ Յուրաքանչյուր վրացի այսօր Ուկրաինայի հետ է»,- ասել է Մարգվելաշվիլին։










