15 քաղաք պատրաստվում է դուրս գալ Նյու Յորք նահանգի կազմից

15:00 • 23.02.15

Տասնհինգ քաղաք և բնակավայր քննարկում է ամերիկյան Նյու Յորք նահանգից դուրս գալու հարցը՝ այնտեղ անցած տարվա դեկտեմբերին շերտի հիդրավլիկ պայթեցման եղանակով թերթաքարային գազ արդյունահանելու համար սահմանված արգելքի պատճառով, գրում է ТАСС-ը՝ Newsweek-ին հղումով։

 

Բոլոր այդ քաղաքները գտնվում են նահանգի հյուսիս-արևմուտքում՝ «Մարսելուս» բնական գազի խոշոր հանքավայրի մոտակայքում: Շերտի հիդրավլիկ պայթեցման եղանակի արգելքի պատճառով քաղաքները մեծ կորուստներ կկրեն:

 

«Բնական գազը մեր գլխավոր հարստությունն է»,- ասել է Կոնկլին բնակավայրի վարչակազմի ներկայացուցիչ Ջիմ Ֆինչը:

 

Նյու Յորքի կազմից դուրս գալուց հետո քաղաքները ցանկանում են մտնել հարևան նահանգի՝ Փենսիլվանիայի կազմ, որտեղ նման արգելք գոյություն չունի: «Սահմանի այն կողմում՝ Փենսիլվանիայում, բոլորը նոր տներ ու մեքենաներ ունեն: Իսկ մենք աշխատատեղեր չունենք»,- նշել է Ֆինչը: