Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը տղամարդկանց է ձերբակալել՝ ծննդյան երեկույթին պարելու համար
Սաուդյան Արաբիայի բարոյականության ոստիկանությունը տղամարդկանց է ձերբակալել՝ ծննդյան երեկույթի ժամանակ «բարձր երաժշտության և անպատշաճ պարելու համար», գրում է The Independent-ը:
Առաքինության խթանման և արատների կանխարգելման հարցերով հանձնաժողովի անդամները շաբաթ երեկոյան ներխուժել են Սաուդյան Արաբիայի կենտրոնական Բուրայդա քաղաքում գտնվող մի տուն: Պաշտոնյաներից մեկի համաձայն՝ ձերբակալված տղամարդիկ հայտնաբերվել են «վարկաբեկիչ իրավիճակում»:
Պաշտոնյայի համար առավել անհանգստացնող է եղել տղամարդկանց ոչ ավանդական վարսահարդարումը և հագուստը: Նա կոչ է արել ծնողներին հետևել վարսահարդարմանը և հագուստին, քանի որ դրանք ակնհայտորեն կարող են «անբարոյականության հանգեցնել և անգամ՝ միասեռականության»:
Սաուդյան Արաբիայի շատ քաղաքացիներ անմիջապես սկսել են սոցիալական մեդիաներում ծաղրել ձերբակալությունը՝ նշելով, որ տղամարդիկ երկրի օրենքներով հանցագործություն չէին գործել՝ երեկույթ չէին կազմակերպել կանանց հետ, ոչ էլ ալկոհոլ էին օգտագործում:










