Թուրք քաղաքապետի պատասխանը Starbucks-ին. Ադանայում ցանցի սրճարանների վրա թուրքական դրոշներ են կախվել

11:09 • 23.02.15

Հայտնի Starbucks սրճարանային ցանցի Լոս Անջելեսում գտնվող մասնաճյուղերում տեղ գտած պաստառը, որում հայուհիները պատկերված էին թուրքական դրոշների ներքո, հանվել էին՝ հայերի բացասական արձագանքից հետո:

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Նոր սերունդ» պարբերականը, Ադանայի քաղաքապետը որոշել է պատժել թուրքական դրոշները հեռացնելու ցանցի նախաձեռնությունը:

 

Քաղաքապետ Հուսեյին Սոզլույի հրահանգով՝ համաշխարհային ցանցի՝ Ադանայում գտնվող սրճարանների վրա մեծ թուրքական դրոշներ են կախվել:

 

Թուրքական դրոշները կախելու պահին ադանացիները քաղաքապետարանի աշխատակիցներին ծափահարություններով են ողջունել:

 

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել Կալիֆոռնիայի հայաշատ Լոս Անջելես քաղաքում:


Սրճարանների ցանցում տեղադրվել էին լուսանկարներ, որոնցում հայկական տարազով աղջիկները թուրքական դրոշների տակ էին պատկերված:

Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ Starbucks-ի պաշտոնյաները ներողություն են խնդրել հայերից՝ նշելով, որ իրենք ցանկացել են պարզապես երկրների ավանդույթները ներկայացնելու համար նման արշավ նախաձեռնել:


«Հայ հաճախորդներին պատճառած անհանգստության համար ներողություն ենք խնդրում»,- ասել են ընկերությունից և վճռել հեռացնել Թուրքիան ներկայացնող պաստառները: