Արիֆ Յունուսի կալանքի ժամկետը երկարաձգվել է 5 ամսով

16:27 • 23.02.15

Ադրբեջանում դատարանն այսօր ևս 5 ամսով՝ մինչև օգոստոսի 5-ը, երկարաձգել է կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսի կալանքի ժամկետը, ով մեղադրվում է պետական դավաճանության համար:

 

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, այդ մասին հայտնել է նրա փաստաբան Աֆղան Մամեդովը:
Նա կարծում է, որ դատարանի որոշումն արդարացված չէ:

 

Պաշտպանությունը մտադիր է բողոքարկել վճիռը: Փաստաբանը նաև նշել է, որ Արիֆ Յունուսը հրաժարվել է ցուցմունք տալ:

 

Արիֆ Յունուսը ձերբակալվել էր 2014 թվականի օգոստոսի 5-ին՝ իրավապաշտպան կնոջ՝ Լեյլա Յունուսի ձերբակալությունից մեկ շաբաթ անց:

 

Զույգին մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսելու համար, սակայն նրանք հերքում են մեղադրանքը՝ այն համարելով մտացածին և քաղաքական ենթատեքստ ունեցող:

 

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս կոչ են արել ազատ արձակել ադրբեջանցի ակտիվիստներին ու իրավապաշտպաններին, այդ թվում՝ Յունուսներին: