«Հայկական ժամանակ». Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալը նվիրատվություն է ստանում

09:14 • 24.02.15


«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը ամեն տարի մի քանի հազար դոլարի չափով նվիրատվություն է ստանում: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից:

 

Անդրանիկ Հակոբյանի կնոջ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանի պաշտոնի ստանձնման կապակցությամբ ԲՊԱԷՀ կողմից հրապարակված հայտարարագրում կարդում ենք, որ Ռուզաննա Հակոբյանի հայտարարագրած դրամական միջոցները կազմում են 5,2 միլիոն դրամ և 3200 դոլար, իսկ տարեկան եկամուտները 8 միլիոն 92 հազար դրամ: Եթե դատավորի եկամուտները ստացվել են բացառապես աշխատավարձից, ապա նրա ամուսնու եկամատները, ինչպես վերը նշեցինք, ձևավորվում են նաև նվիրատվություններից:

 

Անդրանիկ Հակոբյանը 2013 թվականին հայտարարագրել է 2,5 միլիոն դրամ և 44 հազար 700 դոլարի չափով դրամական միջոցներ, ինչպես նաև 5,5 միլիոն դրամի և 9200 դոլարի չափով տարեկան եկամատներ: Եկամուտներից 4 միլիոն դրամը Հակոբյանը ստացել է որպես կենսաթոշակ, ընդամենը 1,5 միլիոնը աշխատավարձ, իսկ ահա 9200 ԱՄՆ դոլարը, նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույք: Անդրանիկ Հակոբյանը նվիրատվության կարգով փող է ստացել նաև 2011 և 2012 թվականներին, համապատասխանաբար 8100 և 2000 դոլարի չափով»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։