Եթե բրիտանացի պատգամավորը չվերանայի իր զեկույցի վերնագիրը, լավ կանի, Արցախ չգա. տեսակետ Արցախից
Եթե ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը չփոխի իր՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի վերնագիրը, ապա Լեռնային Ղարաբաղ, լավ կանի, չգա:
Tert.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ուժի մե՞ջ է Ռոբերտ Ուոլթերին հայտարարված բոյկոտը, ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Եթե նա չվերանայի իր վերնագիրը, իր այսպես կոչված` զեկույցի վերնագիրը, իր փիլիսոփայությունը, ապա մենք չենք ընդունելու և չենք համագործակցելու այդ անձնավորության հետ: Եվ եթե այդ վերանայումները չկատարվեն, ապա նա կատարում է ադրբեջանական պատվեր: Իսկ այդ դեպքում, ավելի լավ է, Ադրբեջանի հետ էլ համագործակցի: Եվ ասել ենք, որ եթե զեկույցն այդ տեսքն ունենա, ապա դա գրված է լինելու Ադրբեջանի ԱԳՆ-ում կամ նախագահականում»:
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակին» ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն այսօր տեղեկացրել էր, որ բրիտանացի պատգամավորը մայիսին գալու է Հայաստան, իսկ ի պատասխան հարցի, թե ՀՀ-ն, այնուամենայնիվ, ընդունելո՞ւ է Ուոլթերին, ասել էր. «Ինքը մայիսին գալու համար դիմել է որպես ԵԽԽՎ պատվիրակ, որպես բրիտանացի պատգամավոր, որը այցելում է տարածաշրջան, մենք, հավանաբար, ընդունելու ենք և հանդիպելու ենք պարոն Ոուլթերին, թեև մեր որոշումը՝ այս զեկույցի շրջանակներում համագործակցությանը չմասնակցել, մնացել է ուժի մեջ»:
Դավիթ Բաբայանը հավելեց, որ զեկույցում վերնագրի և փոփոխությունների մասին «նախապես և բացեիբաց պետք է հայտարարի այդ անձնավորությունն ինքը»:
«Եթե Նաղդալյանը հայտարարում է, որ գալիս է Հայաստան, ուրեմն ակնկալում ենք, որ մոտեցումների մեջ, փիլիսոփայության ու վերնագրի մեջ կլինեն որակական փոփոխություններ: Այն, ինչ պետք է լինի, որպեսզի ստեղծվի անկողմնակալ մի զեկույց, այլ ոչ թե քաղաքական պատվեր»,-ասաց Ստեփանակերտի խոսնակը:
Իսկ չընդունել՝ նշանակում է, որ բրիտանացու համար Ղարաբաղի սահմանը փա՞կ կլինի, թե նա պարզապես կայցելի ԼՂՀ, սակայն ոչ մի պետական ու մասնավոր կառույց, հասարակական սեկտորի ներկայացուցիչ նրա հետ չի հանդիպի:
Ի պատասխան՝ Դավիթ Բաբայանն ասաց. «Եթե ինքը Ղարաբաղն ընդունում է որպես գրավյալ տարածք, եթե ընդունում է որպես Ադրբեջանի մաս, էդ դեպքում, թող գնա Ադրբեջանի տարածքով մտնի Լեռնային Ղարաբաղ: Սա տրամաբանական է: Ինքը պիտի հասկանա՝ ինչն է հնարավոր, ինչը՝ ոչ »:
Ստեփանակերտի խոսնակը, ի պատասխան հարցի էլ, թե տհաճ սկանդալ չի լինի՞ Ուոլթերին չընդունելը, նկատեց. «Այսինքն՝ մենք պետք է նահատակների թափած արյունը ջնջենք, գցենք մի կողմ, և մի պաշտոնյա, որը չգիտես ինչ կապեր ունի այս կամ այն պետության հետ, գալիս է այստեղ և պիտի մենք այդ ամենը մոռանանք, խաչ քաշենք մեր Սահմանադրության վրա, մեր պետականության ու մեր թափած արյան վրա, մեր զինվորների, որոնք կանգնած են սահմանին, ինչ է թե սկանդա՞լ կարող է լինի: Սկանդալ չի լինի, այլ լինելու է խայտառակություն, եթե մենք այդ ամենը կուլ տանք»:
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վահան Բադասյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ չպետք է թույլ տալ, որպեսզի նման վերնագրով զեկույց պատրաստելու համար բրիտանացին գա ԼՂՀ:
«Ինչպե՞ս կարող է բռնությունների մասին խոսել: Ինքը իրավունք չունի և չի կարող անել դա: Մենք էլ կարող ենք հանձնաժողով ստեղծենք, գնանք Անգլիայում կատարվող բռնությունների մասին գրենք: Անգլիայի կողմից գրաված տարածքների` Շոտլանդիայի, Իռլանդիայի: Կամ՝ թե ինչ բռնություններ գործադրեցին, որ Շոտլանդիայում Մեծ Բրիտանիայից առանձնանալու հանրաքվեն տապալվեց»,-հայտարարեց Վահան Բադասյանը:










