Թուրքիայից արտաքսել են Der Spiegel-ի՝ Հայոց ցեղասպանության մասին հոդված պատրաստելու համար մեկնած լրագրողին

18:18 • 06.04.15

Գերմանիայի հայտնի Der Spiegel ամսագրի ֆոտոթղթակից Էնդի Սփյարային արգելել են մուտք գործել Թուրքիա և Աթաթուրքի անվան օդանավակայանից նրան հետ են ուղարկել։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal թերթի կայքը, մարտի 28-ին Թուրքիա ժամանած լրագրողին արտաքսել են՝ պատճառաբանելով, թե նա կապ ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։

Ի դեպ, նույն լրագրողը նախկինում բազմիցս եղել է Թուրքիայում։

Թուրքական օդանավակայանում գերմանացի լրագրողին նախ ձերբակալել են, ստուգել, ապա, չնայած Գերմանիայի դեսպանատան միջամտությանը, թուրք պաշտոնյաները չեն համոզվել։ Նա արտաքսվել է։

Ֆոտոթղթակիցը նշել է, որ ինքը Թուրքիա էր մեկնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութ պատրաստելու համար, և հնարավոր է, որ Թուրքիայի պատկան մարմինների ուշադրությունը գրավել է այդ հարցի վերաբերյալ նախկին գրառումների պատճառով։