Հիմնադիր խորհրդարանի անդամների տանը խուզարկություններ են կատարվել, հարուցվել է քրգործ, կա ձերբակալված
ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք, հաշվի առնելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսված համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում մարդկանց մեծ կուտակումներ առաջանալու իրական հնարավորությունը, կոչեր են հնչեցնում այդ օրը չկատարել իշխանության ներկայացուցիչների պահանջները. անհրաժեշտության դեպքում նրանց նկատմամբ կիրառել բռնություն, դիմել ուժային պայքարի:
«Բացի այն, որ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նախատեսված հրապարակային միջոցառումներն իրենց նեղ շահերին ծառայեցնելու մտադրությունը, մեղմ ասած, հեռու է բարոյականության սահմաններից, այդպիսի գործողությունները միաժամանակ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու առերևույթ հանցագործության նախապատրաստության հատկանիշներ, ուստի ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:
Առերևույթ հանցագործության նախապատրաստության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ՀՀ ԱԱԾ օպերատիվ աշխատակիցների հետ համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում՝ մի շարք վայրերում այս պահին կատարվում են խուզարկություններ»,– ասվում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:
Ըստ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության տարածած հաղորդագրության՝ այսօր ապրիլի 7-ին, առավոտյան ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք (Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտան հարևանությամբ) են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ՝ ներկայանալով որպես Ազգային անվտանգության, Հատուկ քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցներ՝ Հատուկ քննչական կոմիտեի ավագ քննիչ Ռոման Սարդարյանի գլխավորությամբ:
Նրանք ներկայացրել են Հիմնադիր խորհրդարանի շենքում խուզարկություն իրականացնելու պահանջ: Հիմնադիր խորհրդարան ժամանած փաստաբանին նրանք հրաժարվել են ներկայացնել խուզարկության հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ և արգելել են նրան և ՀԽ ներկայացուցչին մուտք գործելու շենք:
Ըստ հաղորդագրության՝ իրավապահների մեկ այլ խումբ ներկայացել է Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Կարո Եղնուկյանի բնակարան:
Ավելի ուշ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան ձերբակալել են Հիմնադիր խորհրդարանի անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանին և սկսել են խուզարկել Ժիրայր Սէֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի և Կարո Եղնուկյանի բնակարանները։
10։17
Հիմնադիր խորհրդարանը տեղեկացնում է, որ բերման են ենթարկել Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սէֆիլյանին (Ժիրայր Սէֆիլյանի եղբայր)։










