Իրանի հետ համաձայնագիրը չպետք է կախված լինի նրա կողմից Իսրայելի ճանաչումից. Օբամա

10:56 • 07.04.15

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «հիմնովին սխալ հաշվարկ» է համարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրն իսլամական պետության կողմից Իսրայելի հանրապետության ճանաչման հետ կապելը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

«Պատկերացումն այն մասին, որ մենք Իրանի կողմից միջուկային զենք չստեղծելը կկապեինք Իսրայելի ճանաչման հետ, նույնն է, ինչ ասել, որ Իրանի հետ համաձայնագիր չենք ստորագրի, քանի դեռ չի փոխվել իրանական ռեժիմի հիմքը»,- ասել է Օբաման National Public Radio-ին (NPR):

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն դեմ է Իրանի միջուկային զենք ունենալուն, քանի որ չի կարող ապավինել իրանական ռեժիմի էության փոփոխությանը:

 

«Եթե Իրանը հանկարծ վերափոխեր իրեն՝ դառնալով Գերմանիա, Շվեդիա կամ Ֆրանսիա, բոլորովին այլ խոսակցություն կլիներ նրա միջուկային ենթակառուցվածքի վերաբերյալ»,-ասել է Օբաման:

 

Հիշեցնենք, որ միջազգային միջնորդների «վեցյակն» ապրիլի 2-ին համաձայնության էր եկել Իրանի հետ: