Խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀԿԳ ավագ քննիչը կալանավորվել է. ՀՀ ՀՔԾ

15:05 • 07.04.15

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ  քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանման  հատկապես  կարևոր գործերի ավագ քննիչ Արմեն Ս.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 
 

3-րդ մասի 3-րդ  կետով  մեղադրանք է  առաջադրվել այն բանի համար, որ նա,  2014թ.ապրիլի վերջին զբաղեցնելով ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ  մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում  քննվող քրեական գործով  նախաքննությունն իրականացնելիս կասկածյալներ  Կարապետ Մ.-ի և Ռոբերտ Մ.-ի օգտին իր լիազորությունների շրջանակում  գործողություն կատարելու, այն է՝ նրանց չկալանավորելու, այլ ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելու համար  վերջիններիս  ընկերոջ հոր՝ Պետրոս  Ս.-ի միջոցով նրանց ծնողներից՝ Սամվել  Մ.-ից և Մերուժան Պ.-ից, 2014թ. ապրիլի  22-ին  պահանջել է խոշոր  չափերով՝ 826 հազ.  ՀՀ դրամին համարժեք 2 հազ.  ԱՄՆ  դոլար  կաշառք,  որի մի մասը վերջիններիցս ստացել է:

 

Ինչպես տեղեկացնում է  ՀՀ ՀՔԾ լրատվական ծառայությունը, ՀՀ հատուկ  քննչական  ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի  2-րդ  մասով  մեղադրանք է  առաջադրվել նաև  քաղաքացի Պետրոս  Ս.-ին այն բանի համար, որ նա   քաղաքացիներ  Սամվել Մ.-ին և Մերուժան Պ.-ին դրդել է պաշտոնատար  անձ  հանդիսացող, ՀԿԳ ավագ քննիչ Արմեն Ս.-ին  տալ խոշոր  չափերով՝  2 հազ. ԱՄՆ  դոլար  կաշառք:


ՀՀ քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանման հատկապես կարևոր  գործերի ավագ քննիչ Արմեն Ս.-ի և քաղաքացի Պետրոս Ս.-ի  նկատմամբ  որպես  խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:


Նախաքննությունը շարունակվում է: