Հուսիթները Սաուդյան Արաբիայի վրա հարձակվելու որոշում չեն կայացրել՝ չնայած նման հնարավորություն ունեն. «Հեզբոլլահ»

13:09 • 07.04.15

Եմենում հուսիթների շարժման հրամանատարությունն այսօրվա դրությամբ չի կայացրել Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին որոշում՝ չնայած նրան, որ նրանք ունեն նման հնարավորություն, կարծում է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրուլան, գրում է korrespondent.net-ը:

 

«Հրամանատարությունը, որը ղեկավարում է Եմենում ռազմական գործողությունները, այս պահին չի կայացրել Բաբ էլ-Մանդաբը (Կարմիր և Արաբական ծովերի միջև նեղուց) փակելու և Սաուդյան Արաբիայում թիրախների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին որոշում՝ չնայած նրան, որ նրանք ունեն նման հնարավորություն»,- պատմել է Նասրուլան սիրիական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

Նրա կարծիքով՝ Սաուդյան Արաբիան չի հասել ոչ մի նպատակի Եմենում ռազմական գործողության ընթացքում: Հակառակը՝ օդային հարվածները եմենցիների մեծ մասին տրամադրել են Սաուդյան Արաբիայի դեմ: Գործողությունը Նասրուլան նկարագրել է որպես «աղետալի ձախողում»:

 

Նասրուլան կարծում է, որ «կուրությունը Սաուդյան Արաբիային բերել է «Ալ-Կաիդայի» և ԻՊ-ի պաշտպանությանը՝ նրանց զենք մատակարարելով, չնայած նրան, որ վերջիններս վտանգ են ներկայացնում Սաուդյան Արաբիայի անվտանգությանը»:

 

Հիշեցնենք, որ մարտի 26-ից միջազգային կոալիցիան Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ երկրների մասնակցությամբ Եմենում ռազմական գործողություն է իրականացնում «Անսար Ալլա» շարժման աջակիցների դեմ, ովքեր վերահսկում են երկրի տարածքի մեծ մասը, ներառյալ՝ մայրաքաղաք Սանան: