Նրանց ոգին անկոտրում է. Զ. Փոստանջյանը տեսակցել է Հիմնադիր խորհրդարանի անդամներին

17:20 • 08.04.15

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր հանդիպել է  ժամանակավոր պահպան մեկուսարանում գտնվող Հիմնադիր խորհրդարանի անդամների հետ:


«Նրանց ոգին անկոտրում է: Բայց ես ուզում եմ ասել, որ 100 տարի առաջ՝ ապրիլի 24-ից առաջ, օսմանցիները ձերբակալում էի հայ տղամարդկանց, և 100 տարի անց  նորից հայ տղամարդկանց ձերբակալում են»,- Էրեբունի վարչական շրջանի դատարանի դիմաց հավաքված բողոք-հանրահավաքին հայտարարեց Զարուհի Փոստանջյանը` հիշեցնելով, որ Ժիրայր Սեֆիլյանը արդեն երկրորդ անգամ է ապօրինի ձերբակալվում:


Նա հավելեց, որ իշխանությունները, եթե այդքան քաջություն ունեն, թող ձերբակալեն Վալերի Պերմյակովին:


Հիշեցնենք, որ  այս գործի շրջանակներում  ձերբակալվել  է 5 անձ՝ Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը։
 

Հիշեցնենք նաև, որ հարուցվել է  քրեական գործ Քրեական օրենսգրքի   225-րդ հոդվածով ( 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի» առթիվ):


Հանրահավաքին մասնակցում էին համակիրներ, իրավապաշտպաններ,  երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը, Նիկոլ Փաշինյանի կինն ու որդին, իսկ  մասնակիցներից շատերը եկել էին եռագույն դրոշներով:


Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանն էլ նկատեց, որ այսօր պատասխանատվության պահ է. «Ոչ մի քաղաքացի այսօր չի կարող նստել տանը և նայել, թե ինչ են անում այս երկրի հետ, ինչ են անում այս քաղաքացու հետ, այս պետության հետ, այս երկրի բնության հետ: Եվ քաղբանտարկյալների թիվը Հայաստանում ավելացավ ևս 6-ով, ամեն մեկը մի անհատականություն, ամեն մեկը մի նվիրյալ անձ, ցանկացած պետության համար` հպարտություն»:


Իսկ այն դիտարկմանը, որ  իշխանության ներկայացուցիչներն  ասում են, որ ապրիլի 24-ը սգալու ու ոչ թե զանգվածային միջոցառումներ անցկացնելու օր է, Ռուբեն Հախվերդյանը պատասխանեց: «Դե էսքան տարի սգում ենք: Ու եթե այդ բողոքի ցույցը լինի, դա միայն մի բան է նշանակում,որ գենոցիդը շարունակվում է, ես համաձայն եմ դրա հետ»,- ասաց երգիչը:


Եթե Ռուբեն Հախվերդյանի առողջությունը ների, ապա կմասնակցի ապրիլի 24-ի միջոցառումներին:


«Հայաստանում հնարավո՞ր է  անցնցում իշխանափոխություն» հարցին ի պատասխան ասաց. «Ամեն ինչ կասիՎալոդ ձյաձյան»: