«Հրազդան» ՔԿՀ թմրանյութ տեղափոխած աշխատակցի դեմ քրգործ է հարուցվել

18:16 • 08.04.15

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել են նյութեր այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող  անձը, իր պաշտոնեական
 

դիրքը ծառայության  շահերին  հակառակ օգտագործելով, 2015 թվականի մարտի 31-ին իր ծանոթից ստացել և դատապարտյալին փոխանցելու
նպատակով քրեակատարողական հիմնարկ է փոխադրել   փաթեթավորված 3 բջջային հեռախոս՝ լիցքավորիչներով, որոնք թաքցրել է
հիշյալ հիմնարկի տարածքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՀՔԾ լրատվական ծառայությունը։
 

Նույն  օրը քրեակատարողական հիմնարկի  աշխատակիցների  կողմից   հայտնաբերվել է հեռախոսներով և լիցքավորիչներով փաթեթը, որոնցից երկուսում թաքցված է եղել խոշոր չափերի հասնող «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:


Հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և իրացնելու նպատակով ազատազրկման վայր թմրամիջոց փոխադրելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական  օրենսգրքի  308-րդ  հոդվածի  1-ին  մասի և  266-րդ  հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:


Կատարվում է նախաքննություն: