Lufthansa ընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտում

18:11 • 08.04.15

Գերմանական Lufthansa ավիաընկերության ինքնաթիռը Մայնի Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանից դուրս գալուց հետո ստիպված է եղել վերադառնալ և վթարային վայրէջք կատարել տեխնիկական խնդիրների պատճառով։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Դա եղել է LH462 չվերթը, որը պետք է իրականացներ Ֆրանկֆուրտ-Մայամի երթուղին։ Մեկնարկից հետո խնդիրներ են առաջացել թևերի վրա գտնվող փականներից մեկի հետ, որոնք բացվում և փակվում են թռիչքի և վայրէջքի ժամանակ։ Այդ պատճառով էլ ինքնաթիռը հետ է եկել, այն հաջող վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտում»,- հայտնել են ընկերությունում։

 

Օդանավում եղել է 66 ուղևոր։ Նրանց հատկացվել է այլ ինքնաթիռ, որով էլ կկարողանան շարունակել իրենց ուղևորությունը։