Իտալական մամուլը՝ Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պատարագ մատուցելու մասին (տեսանյութ)

16:01 • 08.04.15

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պատարագ կմատուցի: Իտալական Rome Reports հեռուստաընկերությունը կիրակի օրը սպասվող պատարագին ընդառաջ ռեպորտաժ է պատրաստել: «Դա հիշարժան օր կլինի»,-նշում է հեռուստաալիքի լրագրողը:


Այս առիթով հեռուստաալիքը խոսել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Միքայել Մինասյանի հետ, ով հույս է հայտնել, որ պատարագը չի քաղաքականացվի: Միայն այն փաստը, որ Հռոմի պապը համաձայնել է պատարագ մատուցել, շատ բանի մասին է խոսում, նշել է նա:


«Այդ ամենից հետո հայերը դեռ այստեղ են… Նրանք իրենց սեփական պատմությունն ունեն, ինչն աշխարհի պատմության մասն է»,- ասել է ՀՀ դեսպանը:


«Հայերն իրենց ներքին կռիվն են տվել անարդարության և տգիտության դեմ 100 տարի: Այս տարելիցը կարևոր է աշխարհի համար, հայերի համար շատ բան չի փոխվում, բայց դա աշխարհի համար ճշմարտությունը լսելու միջոց է»,- հավելել է նա:


Ինչպես նշում է նյութի հեղինակը, երկու տարի առաջ անգամ ինքը՝ Հռոմի պապը, Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ պատրիարք Ներսես Պետրոս XIX-ի հետ հանդիպման ժամանակ Հայոց ցեղասպանությունը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն է նկարագրել:


ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի խոսքով՝ պատմությունն այժմ կրկնվում է:


«Իրաքում և Սիրիայում քրիստոնյաներն օգտագործում են միևնույն փախուստի ճանապարհները, որ հայերն են օգտագործել 100 տարի առաջ: Ինչո՞ւ: Որովհետև  կառավարությունները մերժում են պատմությունը, նրանք խուսափում են խոսել ճշմարտության մասին»,- ասել է նա:
 

Ինչպես նշում է ռեպորտաժի հեղինակը, կիրակի օրը մատուցվելիք պատարագի ժամանակ Հռոմի պապը պաշտոնապես Սբ Գրիգոր Նարեկացուն կհռչակի Եկեղեցու դոկտոր: