Ուրուգվայը պատվիրակություն կուղարկի Երևան. երկրում ներկայացվել են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նամականիշերը

01:13 • 09.04.15

Ուրուգվայի փոստային ծառայությունը և արտաքին գործերի նախարարությունը ապրիլի 7-ին ներկայացրել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նամականիշը` հիշեցնելով.


«Ուրուգվայն առաջին երկիրն է եղել, որը 50 տարի առաջ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, մի քայլ, որն արդիական է մնում մինչ օրս», - ասել է Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոան` հավելելով, որ երկիրը ապրիլի 24-ին պաշտոնական պատվիրակություն կուղարկի Հայաստան` մասնակցելու Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցառումներին:


Նրա կարծիքով` երկու երկրի միջև հարաբերությունները «ապրում են  լավագույն ժամանակները», իսկ նամականիշը «խորհրդանշում է Ցեղասպանության դաժան հանցագործության  զոհերի հիշատակը»:


Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանն, իր հերթին, ցավ է հայտնել, որ «այս տառապանքը, որի 100 տարին է լրանում, դեռ չի ճանաչվել ողջ աշխարհի կողմից, որը կարող է օրինակ վերցնել Ուրուգվայից:


«Մեծ հպարտություն է մեզ համար, որ Ուրուգվայն ընդունել է մեր ծնողներին և տատիկ-պապիկներին, նրանց ապահովել է աշխատանքով և թույլ տվել յուրաքանչյուրիս՝ սովորել ու ապրել խաղաղության երկրում», - ընդգծել է Լիլիամ Քեշիշյանը:


Ուրուգվայում հայ եկեղեցու արքեպիսկոպոս Հակոբ Քեդենջյանը ևս կարևորել է այդ երկրի դերը Հայոց ցեղասպանության միջազգային  ճանաչման գործում:  «Հպարտ ենք, որ ապրում ենք մի երկրում, որը պայքարում է արդարության հաստատման և մարդու իրավունքների համար», - նշել է արքեպիսկոպոսը: