Աշխարհահռչակ տիկին է, կարծում եմ, որ պիտի արժանապատիվ ընդունելություն ցույց տանք. Գալուստ Սահակյանը Քիմ Քարդաշյանի մասին
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ՝ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պետական ընդունելության արժանանալու է, թե՝ ոչ:
Դիտարկմանը, թե հնարավոր է՝ վարչապետը հանդիպի հայտնի հեռուստաաստղի հետ, արդյոք Սահակյանն էլ է հանդիպելու, ասաց, որ իր օրակարգում նման բան չկա: «Քարդաշյանն ամբողջ աշխարհում հայտնի անձնավորություն է, և մենք հպարտ պիտի լինենք: Այսօր ամբողջ աշխարհի ուշադրությունը Հայաստանն է»,- ասաց Սահակյանը և նշեց, որ հայերը սիրում են ամեն ինչի մասին բամբասել, ամենավատ բանը՝ քարկոծել, հետո լավացնել:
«Աշխարհահռչակ տիկին է, և կարծում եմ, որ մենք պիտի արժանապատիվ ընդունելություն ցույց տանք»,- ասաց նա:
Հարցին, թե կիսում է տեսակետը, որ հայտնի հայուհին այս մի քանի ժամերի ընթացքում ավելի շատ գործ արեց՝ կապված Հայոց ցեղասպանության ու Հայաստանի ճանաչվածության հետ, քան իշխանություններն ու դիվանագետներն են անում տարիների ընթացքում, ԱԺ նախագահը պատասխանեց. «Նրանք, ովքեր մեծ համբավ ունեն աշխարհում, օրինակ՝ Շառլ Ազնավուրը և կարելի է թվարկել, նրանք, բնականաբար, մեր ազգի զավակներն են և իրենց գործունեությամբ, իրենց ճանաչելիությամբ նպաստում են մեր ժողովրդի հետագա բարեփոխումների ճակատագրի վրա»:










